Նյու Յորքում կկայանա Օբամա - Ալիեւ հանդիպում

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

Առաջիկա ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում հանդիպում կունենա Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում` ուրբաթ օրը, նախագահ Բարաք Օբաման նաեւ մի շարք երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես` առավոտյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, այդ թվում` Աֆղանստանում գործադրվող ջանքերում», - հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ այդ հանդիպումը առաջինն է լինելու Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների միջեւ` նախագահ Բարաք Օբամայի ընտրվելուց հետո։ Երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում որոշակի լարվածություն էր նկատվում, հատկապես այն բանից հետո, երբ անցած ապրիլին Միացյալ Նահանգների նախագահը Ադրբեջանի նախագահին չհրավիրեց Վաշինգտոն` միջուկային հարցերին նվիրված գագաթնաժողովին, որտեղ, սակայն, ներկա էին տարածաշրջանի մյուս երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի առաջնորդները։ Գագաթնաժողովից հետո պաշտոնական Բաքուն ոչ միայն անորոշ ժամանակով հետաձգեց Միացյալ Նահանգների հետ նախատեսված զորավարժությունները, այլեւ հրապարակայնորեն մեղադրեց Վաշինգտոնին` հայամետ դիրքորոշում որդեգրելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու մեջ։

Ի պատասխան այդ մեղադրանքների` Բարաք Օբաման Ադրբեջան գործուղեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին եւ Ադրբեջանի իշխանություններին հասցեագրած հատուկ նամակում հավաստիացրեց, որ Բաքուն շարունակում է մնալ Միացյլալ Նահանգների ռազմավարական եւ կարեւոր դաշնակիցներից մեկը։

2001 թվականից սկսած Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի զորախմբերը Ադրբեջանի օդային ու ցամաքային տարածքով տասնյակ հազարավոր բեռնափոխադրումներ են կատարել դեպի Աֆղանստան։

Վերլուծաբանների կանխատեսումներով, ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ եւս պաշտոնական Վաշինգտոնը կփորձի հարթել երկու երկրների միջեւ առկա լարվածությունը, ինչպես նաեւ ստանալ Ադրբեջանի աջակցությունը` Աֆղանստանում իրականացվող խաղաղարար ջանքերում: