«Ղարաբաղյան շփման գծում ԵՄ-ի դիտորդները` լավագույն տարբերակ»

Եվրախորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասի համոզմամբ, Ղարաբաղում հրադարարը պահպանելու լավագույն տարբերակը շփման գծում Եվրամիության կողմից խաղաղ դիտորդական առաքելության տեղակայումն է, ինչպես նաեւ տեղում ժողովրդավարական կառույցների ամրապնդումը։ Համենայնդեպս, այդ է վկայում «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցումը, որին մասնակցել են Եվրախորհրդարանի շուրջ 100 պատգամավորներ` տարբեր երկրներից։

«Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի Արեւելյան Եվրոպայում առկա այս սառեցված հակամարտությունը չբորբոքվի` 2008 թվականի վրաստանյան պատերազմի նման», - հարցրել են մասնագետները եվրոպացի պատգամավորներին ու առաջարկել հնարավոր քայլերի 5 տարբերակ։ Դրանցից, ըստ կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանի, պատգամավորների շուրջ 47 տոկոսը ընտրել են 2-ը. - «Ամենանախընտրելի տարբերակը, պատգամավորների կարծիքով, տարածաշրջան ուղարկելն է Եվրամիության մշտական ոչ ռազմական դիտորդական առաքելություն` հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար, եւ, միեւնույն ժամանակ, նպաստել ժողովրդավարական կառույցների եւ ինստիտուտների կայացմանը նույն տարածաշրջանում, ասել է թե` Լեռնային Ղարաբաղում»:

Եվրոպացի պատգամավորների նախընտրած երրորդ լուծումը կողմերի միջեւ կնքված հրադադարի պայմանագրի ամրապնդումն է` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ տեղում միջազգային դիտորդներ տեղակայելու միջոցով: Այս տարբերակին կողմ է արտահայտվել եվրախորհրդարանականների շուրջ 39 տոկոսը։

Եթե խաղաղ դիտորդների տեղակայումը արժանացել է պատգամավորների մեծ մասի հավանությանը, ապա ռազմական ուժերի տեղակայումը պաշտպանել է ընդամենը 20 տոկոսը։ Ընդ որում, այս առաջարկին դեմ են արտահայտվել հատկապես Արեւմտյան Եվրոպայի ներկայացուցիչները, քանի որ այդ երկրները, ըստ փորձագետների, արդեն իսկ լայնորեն ներգրավված են Մերձավոր Արեւելքում իրականացվող խաղաղարար ծրագրերում եւ աշխատում են եւս մեկով չավելացնել իրենց պարտավորությունների թիվը։

Հրադադարի ամրապնդմանը նպաստելու ամենաանհավանական տարբերակը պատգամավորները համարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության դադարեցումը եւ դրա փոխարեն մեկ այլ ձեւաչափի հաստատումը, ասում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը:

«Միայն 17 տոկոսն է նախընտրում կասեցնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկա ֆորմատով ընթացող բանակցությունները եւ դա փոխարինել Եվրամիության ինչ-որ ֆորմատով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

«Սա հատկապես կարեւոր է ներկայում տեղի ունեցող զարգացումներին` լինեն դրանք հենց ղարաբաղա - ադրբեջանական շփման գծի երկայնքով, թե բանակցային գործընթացում», - ամփոփեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկ էր արել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: