Ահմեդ Զակաեւը ազատ է եւ կարող է հեռանալ Լեհաստանից

Չեչեն անջատողական գործիչ Ահմեդ Զակաեւը կարող է ցանկացած պահի հեռանալ Լեհաստանից. Վարշավայի դատարանը մերժել է նրան կալանքի տակ վերցնելու` լեհական դատախազության միջնորդությունը:

Ուրբաթ օրը Ռուսաստանի հայցով տրված միջազգային օրդերով ձերբակալված Զակաեւին ազատ արձակելու որոշումը դատարանը հիմնավորել է նրանով, որ նրան 2003 թվականին քաղաքական ապաստան է տվել Եվրամիության անդամ պետությունը` Մեծ Բրիտանիան:

Միաժամանակ հաղորդվում է, որ դատարանը կարող է շարունակել Զակաեւի էքստրադիցիայի մասին հարցի քննությունը, եթե Ռուսաստանից ստացվեն համապատասխան նյութեր: Ռուսաստանում չեչեն առաջնորդը մեղադրվում է ահաբեկչության մեջ:

Զակաեւը Լեհաստան է եկել Չեչենների համաշխարհահին կոնգրեսին մասնակցելու նպատակով: