Նալբանդյան. «Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մարդկային ճակատագրերը չի շահարկում»

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր ընդունելով տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող` ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում Ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450 հազար անձանց խնդիրների լուծումը:

Ուոլտեր Կալինը նշել է, որ ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը: