Լոնդոնում 5 մարդ է ձերբակալվել Պապի դեմ հարձակում ծրագրելու կասկածանքով

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի դեմ «ահաբեկչական հարձակում» պլանավորելու կասկածանքով Լոնդոնում այսօր 5 մարդ է ձերբակալվել, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը։

Պապը քառօրյա այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, կասկածյալները ձերբակալվել են նրա այցելության երկրորդ օրը։

Ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածները 26-ից 50 տարեկան տղամարդիկ են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նրանց ինքնությունը, քաղաքացիությունը, ազգությունը չի բացահայտվում։

Ոստիկանությունը անցած գիշերը ինֆորմացիա է ստացել նախատեսվող հարձակման մասին, որի արդյունքում ուրբաթ վաղ առավոտյան կատարել է ձերբակալությունները։

Ձերբակալվածները հարցաքննվում են։ Ուրբաթ օրվա երկրորդ կեսի դրությամբ նրանց որեւէ մեղադրանք առաջադրված չէր։

«Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ Հռոմի պապը տեղեկացվել է ձերբակալությունների մասին։ Բենեդիկտոս 16-րդը իր այցելության ծրագիրը չի փոփոխել։