Ալիեւ. «Ժողովուրդների ինքնորոշվելու ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը»

«Ժողովուրդների ինքնորոշվելու ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` երեկ Ստամբուլում ելույթ ունենալով թուրքալեզու երկրների 10-րդ գագաթնաժողովում:

«Այդ երկու հասկացությունների միջեւ չպետք է հակադրություն ստեղծվի», - պնդել է Ալիեւը եւ շարունակել. - «Միջազգային պրակտիկան եւ միջազգային իրավունքը սատարում է այդ դիրքորոշումը: Հայերը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որոնք կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն միասնական ադրբեջանական պետության շրջանակներում` բարձր ինքնավարության հնարավորություն ընձեռող սկզբունքների հիման վրա»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե «ժամանակին Զանգեզուրի տարածաշրջանը` թյուրքական աշխարհի հին եւ անբաժանելի մասը, պոկվեց Ադրբեջանից եւ հանձնվեց Հայաստանին, ինչի արդյունքում թյուրքական աշխարհում աշխարհագրական կապը խզվեց»:

«Քարտեզին նայելու դեպքում կարելի է տեսնել, որ եթե չկատարվեր այդ պատմական անարդարությունը, այսօր թյուրքական աշխարհը կմնար միասնական տարածք նաեւ աշխարհագրական տեսանկյունից», - ասել է Ալիեւը իր ելույթում, որը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում: