Վիկտոր Յանուկովիչը Սերժ Սարգսյանին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր երկիր պաշտոնական այց կատարելու հրավեր է հղել հայաստանցի գործընկերոջը: Հրավերը այսօր Սերժ Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը եւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով Ալեքսանդր Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաեւ որպես հայագետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ:

Ալեքսանդր Բոժկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպան է նշանակվել երկու անգամ` 1996 եւ 2005 թվականներին: