Սլովակ գործիչը Թուրքիային առաջարկում է Արարատը վերադարձնել Հայաստանին

Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ֆրանտիշեկ Միկլոշկոն Թուրքիային առաջարկել է Արարատ լեռը վերադարձնել Հայաստանին:

Հայ հեղափոխական դաշնակցության մամլո դիվանի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» համաժողովում իր ելույթը Միկլոշկոն այսպես է եզրափակել. - «Ցանկանում եմ անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարեւոր մի հարցի։ Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է։ Հայերի համար այն իրենց պատմական քրիստոնեական ժառանգության հարցն է։ Ե՞րբ է Թուրքիան ազատ մուտքի հնարավորություն տալու դեպի Արարատ։ Թույլ տվեք սուր դնել հարցը. հնարավոր չի՞ համարում արդյոք ժամանակակից Թուրքիան Արարատ լեռան վերադարձը հայերին։ Դա կլիներ աննախադեպ քայլ ոչ միայն ապագա խաղաղ գոյակցության, այլեւ ամբողջ աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման համար»։

Իր ելույթում սլովակ գործիչը անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը եւ Հայոց ցեղասպանության հերքմանը:
«Թուրքիան չի կարող հերքել 1915 թվականի հայերի Ցեղասպանություն իրականացնելու փաստը, չէ՞ որ հայերը ոչնչացվել են իրենց իսկ հողերի վրա, միայն նրա համար, որ հայ են», - հայտարարել է նա:

2004 թվականի նոյեմբերին Սլովակիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավանություն տալով Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ներկայացրած բանաձեւի նախագծին: