Քրոուլի. «Հուսով ենք, որ բարեփոխումները Թուրքիայում կխթանեն ժողովրդավարությունը»

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, արձագանքելով Թուրքիայում կիրակի օրն անցկացված սահմանադրական հանրաքվեին, հույս է հայտնել, որ ընդունված բարեփոխումները կխթանեն երկրում ժողովրդավարական գործընթացները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը:

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` արդյոք սահմանադրական բարեփոխումները կնպաստե՞ն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, Քրոուլին հայտարարել է. - «Մենք, անշուշտ, հանդես ենք գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին, եւ, կարծում եմ, նկատելի է Եվրամիության դրական արձագանքը այս զարգացումներին»:

Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը հավանության արժանացրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթը, որով ակնկալվում է կտրուկ նվազեցնել զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: