Հեռախոսազրույց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների եւ տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր:

«Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը խոսել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կառուցողական եւ բազմաշերտ համագործակցության ամրապնդման հետագա քայլերի մասին եւ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն առանցքային նշանակություն կունենան` ավելի բարձր աստիճանի հասցնելու հայ - ռուսական ռազմավարական համագործակցությունը: Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւն այդ առումով կարեւորել են երկու երկրների պետական կառավարման մարմինների աշխատանքի շարունակական ակտիվացումը», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: