Մեկնարկել է դասական երաժշտության հայ-ավստրիական փառատոնը

Հայ-ավստրիական դասական երաժշտության փառատոնի կազմակերպիչները լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվում է դասական երաժշտության հայ-ավստիական փառատոնը, որի շրջանակներում առաջին համերգը կայացավ ուրբաթ օրը Կամերային երաժշտության տանը:
Կազմակերպիչները այս տարի շեշտը դրել են դասախոսությունների ու վարպետության դասերի վրա, որոնք արդեն անցկացվում են, ընդ որում` ոչ միայն Երեւանում, ինչպես անցյալ տարի էր, այլեւ Վանաձորում ուԳյումրիում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ավստրիացի ճանաչված երգչուհի Աննա Մարիա Ֆամերն է, տնօրենը` ավստրիահայ կոմպոզիտոր Ժան Սարգսյանը: Փառատոնի աշխատանքներին իրենց նպաստն են բերում դաշնակահարներ Գոտլիբ Վալիշը եւ Արմեն Բաբախանյանը:

«Մենք այս տարի կոչել ենք փառատոն «Ակադեմիա», որովհետեւ այստեղ ընդգրկված են մեծամասնությամբ մասթեր-կլասներ տարբեր տեղերում եւ տարբեր մասնագիտություններով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբախանյանը: - «Մենք ունենք ուսուցման խնդիր, որին մենք շատ ավելի ուշադրություն ենք փորձում դարձնել»:

Վարպետության դասերը կարեւորեց նաեւ Աննա Մարիա Ֆամերը:

«Ամենակարեւորը այն է, որ, ի տարբերություն նախորդ փառատոնի, այս տարի թե' վարպետության դասերը, թե' համերգները կկայանան ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Վանաձորում», - հավելեց ավստրիացի երգչուհին:

Ժան Սարգսյանը վարպետության դասերի ու դասախոսությունների թիվը ավելացնելու կապակցությամբ ասաց. - «Այստեղ կարեւորը կապեր ստեղծել է: Առանց մասթեր-կլասերի մասնակցելու կարիերա չի ստեղծվում: Եթե այստեղի երաժիշտները գոհ են իրենց գործից եւ ուզում են հավիտյան միայն այստեղ նվագել, իհարկե, դա հնարավոր է: Բայց աշխարհ դուրս գալու համար պետք է այս համաշխարհային կապերը ստեղծվեն»:

Վարպետության դասընթացներին, ինչպես փոխանցեց Գոտլիբ Վալիշը, մասնակցելու են նաեւ իրանցի երկու դաշնակահարներ: