Նախարար Աշոտյանը պնդում է, որ «էական փոփոխություններ» են կատարվել վիճահարույց օրինագծում

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի մուտքի մոտ: 4-ը հունիսի, 2010թ.

«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում երկրում բացել օտարալեզու դպրոցներ եւ որը գարնանային նստաշրջանի վերջում խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի վստահեցմամբ, ենթարկվել է «էական փոփոխությունների»:
Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը օրինագծին ընդդիմացողներին խորհուրդ տվեց կարդալ «երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը»:

«Այն մտավախությունները, որ ունեին մի շարք քաղաքական ուժեր` Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը, անգամ իմ հանրապետական գործընկեր որոշ պատգամավորներ, մտահոգությունները, որոնք հնչեցվել են Հանրային խորհրդի կողմից, այն է` օրենքով բացառություն չնախատեսել, այդ ձեւակերպումը չգրել, հանված է այդ ձեւակերպումը: Օրենքը օգոստոսի 12-ին առաքվել է Ազգային ժողով, տեղադրվել է Ազգային ժողովի կայքէջում: Այսօր սեպտեմբերի 8-ն է, մեր քննադատներից ոչ ոք դա չի կարդացել», - հավելեց Արմեն Աշոտյանը:

Հարկ է փաստել, սակայն, որ կատարված փոփոխությունը Ազգային ժողովի կայքէջում դեռեւս տեղադրված չէ, եւ հենց այդ պատճառով ո'չ պատգամավորները, ո'չ էլ օրենքի փոփոխություններին ընդդիմացող հասարակական նախաձեռնության անդամները այսօր դեռեւս ծանոթ չէին վերաձեւակերպումներին:

Նախարարի նշած փոփոխությունը վերաբերում է միայն «Լեզվի մասին» օրենքին: Եթե նախկին տարբերակում ամրագրված էր, որ Հայաստանի Հանրապետության գործող ուսումնական հաստատություններում «կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», ապա վերաշարադրումից հետո` «կրթության լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օտար լեզուներով ուսուցման դեպքերի»:

Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը («Ժառանգություն») նշված փոփոխության կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես ընդհանրապես առաջարկել էի վերջակետ դնել այնտեղ, բայց, ինչպես տեսաք նախագծում, էլի բացառություն բառը կա: Իհարկե, այդ բացառությունը վերաբերում է օտար լեզվի ուսուցմանը. բնականաբար, օտար լեզուն հայերենով չի ուսուցվի: Հետեւաբար, կարծես, այդ մտավախությունը վերացավ»:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանի (ՀՅԴ) գնահատմամբ, նոր ձեւակերպումը ոչ միայն անհասկանալի է, այլեւ նոր հակասություններ է առաջացնում:

«Հանրակրթության օրենքով, այնուամենայնիվ, այլընտրանքային, հեղինակային եւ փորձարարական դպրոցներին թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եվ «Հանրակրթության մասին» օրենքում չունենք հասկացությունները` ինչ է նշանակում այլընտրանքային դպրոց, ինչ է նշանակում հեղինակային դպրոց, փորձարարական դպրոց… Այսինքն` սահմանումները մենք չունենք: Եվ այս նոր փոփոխությունը բոլորովին էլ չի փարատում այս անհանգստությունները: Ես այդտեղ նույնիսկ հակասություն եմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գալստյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում կազմակերպվելիք լսումների ընթացքում իրենց կհաջողվի ոչ միայն որոշ բացատրություններ ստանալ, այլեւ շարադրել իրենց մեկնաբանությունները:


Օրինագծի ընդդիմախոսները շարունակելու են պայքարը


«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները, մինչդեռ, շարունակում են պահանջել, որպեսզի «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկված փոփոխություններն ընդհանրապես չկատարվեն:

«Մենք պահանջում ենք, որ այս առաջարկները դուրս բերվեն շրջանառությունից. կա'մ կառավարությունը ետ քաշի իր առաջարկը, կա'մ Ազգային ժողովը մերժի այն: Որից հետո մի լայնածավալ քննարկում սկսվի կրթական հարցերի շուրջ, այդ թվում` նաեւ օտար լեզուների դասավանդման խնդիրների շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:

Նախաձեռնության անդամները այսօր էլ բողոքի ակցիա անցկացրին` հայտարարելով, որ իրենց պայքարն ավելի ընդգրկուն ու լայնածավալ կլինի, եթե իշխանությունները ընդհանրապես չհրաժարվեն փոփոխություններից:

Օրինագիծը, հիշեցնենք, չնայած լայնորեն հնչած քննադատությանը, բողոքի ցույցերին ու երթերին, Ազգային ժողովի շենքի մոտ կազմակերպված պիկետներին, առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջում: