Հայաստանցի զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանի զինված ուժերի 10-հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության կողմից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ - 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ամենամյա այս զորավարժությանը երկրի Զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների եւ բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը:

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի զինված ուժերի կապի զորքերի 20-հոգանոց խումբը Գերմանիայում եւ Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի եւ հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում - 2010» ամենամյա զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երեւանում այս տարվա հունվարին:

Սեպտեմբերի 4-17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվում է ԱՄՆ - ուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաեւ Հայաստանը` շտաբային 2 սպաներով: