Մակեդոնիա - Հայաստան` 2:2

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլում երեկ Սկոպյեում կայացած հանդիպումը Հայաստանի եւ Մակեդոնիայի ազգային հավաքականների միջեւ ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Արտագնա խաղում Հայաստանի թիմը հաղթում էր նախ` 1:0, ապա` 2:1 հաշվով, ընդ որում` Հայաստանի երկրորդ գնդակը Էդգար Մանուչարյանը խփեց հավելյալ ժամանակի առաջին րոպեին: Այդուհանդերձ, 5 րոպե անց մրցավարի նշանակած 11-մետրանոց տուգանային հարվածով մակեդոնացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

Առաջին գնդակը խփել էր Յուրա Մովսիսյանը 41-րդ րոպեին, մեկ րոպե անց մակեդոնացիները հավասարեցրել էին հաշիվը:

Երկրորդ փուլից հետո Հայաստանը 1 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում B խմբի 6 թիմերի մեջ: Առաջատարները այդ խմբում Իռլանդիան եւ Սլովակիան են` 6-ական միավորով, որոնց 3 միավորով հաջորդում է Ռուսաստանը: