Հայաստանի արտգործնախարարը այցելում է Իրան

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Fars News Agency գործակալությանը երեքշաբթի օրն ասել է, որ առաջիկա տասն օրվա ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելելու է Իրան։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է Իրանի պաշտոնյաների հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Դեսպանը, հայտնելով, որ այցը կատարվում է իրանական կողմի հրավերով, նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու ու զարգացնելու հեռանկարները։

Նա նաեւ ասել է, որ առաջիկայում Հայաստանից բարձր մակարդակի մի շարք պատվիրակությունների այցելություններ են պլանավորված Իրան։

FNA գործակալությունը հաղորդում է, որ վերջին տարիներին Իրանն ու Հայաստանը ընդլայնել են երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, առեւտրի ու մշակույթի ոլորտներում։