Երեկ շփման գծում արձանագրվել է հրադադարի խախտման 116 դեպք

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 1015 փամփուշտ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում շաբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել: