Բակո Սահակյանը «ահաբեկչություն» է որակում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի օրը Ռազմական խորհրդի նիստում «ահաբեկչություն» է որակել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի` վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ արձանագրվող խախտումները:

«Վերջերս ադրբեջանական կողմը ավելի լկտիաբար է սկսել խախտել զինադադարի ռեժիմը` դիմելով դիվերսիոն գործողությունների: Ի պատիվ մեզ, Պաշտպանության բանակը արդյունավետորեն կասեցրել է այդ բոլոր սադրանքները` եւս մեկ անգամ ապացուցելով, որ հզոր ու մարտունակ է եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության», - ասել է Սահակյանը` շարունակելով. - «Այդ ահաբեկչությունը ուղղված է տապալելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը: Այդ ահաբեկչությունը ուղղված է քաղաքակիրթ աշխարհին: Դա ահաբեկչություն է` ուղղված տարածաշրջանում անկայուն վիճակ ստեղծելուն: Եվ, ինչպես գիտեք, ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում են, եւ ահաբեկիչներին ոչնչացնում են: Անհրաժեշտ է շարունակել կասեցնել հակառակորդի ահաբեկչական-դիվերսիոն գործողությունները եւ անհապաղ նրանց բոլորին ոչնչացնել»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորագրության համաձայն, սեպտեմբերի լույս 5-ի գիշերը ու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ողջ երկայնքով «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն», որի ընթացքում «ադրբեջանական զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5 հազարից ավելի կրակոց: Պաշտպանության նախարարության տվյալներով, առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի եւ Մարդակերտի պաշտպանական ուղղություններում: Կորուստներ, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, չկան:

Ռազմական խորհրդի նիստում Բակո Սահակյանը նաեւ վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կանեն ամեն ինչ` բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու համար:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ագրեսիվ եւ հակահայկական քաղաքականությունը, ռազմական ծախսերի չափից դուրս ավելացումը, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մեզ պարտադրում են լինել ավելի զգոն ու հետեւողական երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում», - հայտարարել է Բակո Սահակյանը: