Կանատ Սաուդաբաեւը դատապարտել է շփման գծում վերջին բախումները

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղում` հայ-ադրբեջանական շփման գծում, վերջին շրջանում տեղի ունեցած զինված բախումները։

«Ես խստորեն դատապարտում եմ հրադադարի խախտումները, երկու կողմերի կրած կորուստները մտահոգություն են պատճառում։ Ես ընդգծում եմ, որ հրադադարի բախումները կարող են ապակայունացնել Մինսկի կոնֆերանսի շրջանակներում ընթացող բանակցությունների գործընթացը եւ սահմանափակել կառուցողական երկխոսության հնարավորությունները։ Այս առումով ես իմ աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությանը, որով կողմերին կոչ է արվում զսպվածություն դրսեւորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ հրահրիչ հրապարակային հայտարարություններից», - ասված է հայտարարությունում։

Աստանայի գագաթնաժողովի նախօրեին փոխզիջման մթնոլորտ ստեղծելու նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ակտիվացրած ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, եթե հակամարտող բոլոր կողմերը դրսեւորեն արդյունքի հասնելու անկեղծ շահագրգռվածություն»,- հայտարարությունը եզրափակել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։