Հայաստանում է Ժերար Դեպարդիեն

Ժերար Դեպարդիեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն:

Աշխարհահռչակ դերասանին այսօր ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ասել է, որ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը հայկական մշակութային միջոցառումներին ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին:

«Ես շատ հպարտ եմ եւ շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի եւ գոյատեւման ունակության շնորհիվ, կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին եւ զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ», - ասել է աշխարհահռչակ դերասանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դերասանի հետ հանդիպման ժամանակ շատ բարձր է գնահատել այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հովիկ Աբրահամյանը առաջարկել է հաջորդ «Կարոտ» փառատոնն անցկացնել Փարիզում, եւ Ժերար Դեպարդիեին էլ վերապահվի գլխավոր դերը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` դերասանը համաձայնել է ներկա գտնվել փառատոնին: