Շփման գծում հերթական միջադեպի հետեւանքով ադրբեջանցի է զոհվել

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` «սեպտեմբերի 4-ին ժամը 06:50-ի սահմանում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ` Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կիլոմետր արեւելք, արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` Պաշտպանության բանակի մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների` նրանցից մեկը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է», - հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:

«Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում` նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը` իր հերթին պնդելով, թե անցած գիշեր հայկական զինված ուժերն են հարձակվել Թարթառի շրջանի Չիլեբյուրտ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական ուժերի դիրքերի վրա:

«Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական բանակի մի զինվոր զոհվել է, մեկը` վիրավորվել», - հայտնում է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը, հավելելով, որ ըստ նախնական տեղեկությունների` զոհվածի մարմինը գտնվում է հայկական կողմի մոտ: