Տասնյակ վիրավորներ` Տաջիկստանում ոստիկանատան վրա հարձակման հետեւանքով

Տաջիկստանի հյուսիսային Խուջանդ քաղաքում այսօր ինքնասպան ահաբեկիչը մեքենայով բարձր արագությամբ ներխուժել է ոստիկանատան տարածք եւ պայթեցրել մեքենան, ինչի հետեւանքով 25 մարդ է վիրավորվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության խոսնակը, միջադեպը տեղի է ունեցել Սուղդ շրջանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության շենքի պարսպապատ բակում, երբ դարպասները չէին հասցրել փակել ոստիկանական երկու մեքենաների ներս մտնելուց հետո:

Անցած շաբաթ Դուշանբեի բանտից 25 կալանավորներ փախուստի դիմեցին` սպանելով 5 բանտապահների: Փախուստի դիմածների մեծ մասը դեռեւս հայտնաբերված չեն:

Այդ կապակցությամբ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ պաշտոնանկ է արել անվտանգության ծառայությունների գրեթե ամբողջ ղեկավարությանը: