Փալոնը եւ Քըրքը վերահաստատում են Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչը

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը վերահաստատել են Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու իրենց կոչը:

Դատապարտելով հայ - ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, հատկապես` հունիսի 18-ի եւ օգոստոսի 31-ի միջադեպերը, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, հայամետ կոնգրեսականները, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Բարաք Օբամայի վարչակազմին կրկին կոչ են արել սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

«Չպետք է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս սադրանքները շարունակվեն, եւ ես խստագույնս դատապարտում եմ դրանք», - հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է Ֆրենկ Փալոնը` ընդգծելով. - «Ես վաղուց հանդես եմ գալիս Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու օգտին, եւ նրանց վերջին գործողությունները միայն գալիս են հաստատելու, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որպեսզի մեր ռեսուրսներն օգտագործվեն տարածաշրջանում անկայունություն սադրելու համար»:

Մարկ Քըրքը, իր հերթին, շեշտում է, որ «տարածաշրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվությունը չպետք է աննկատ մնա միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշողների կողմից»: «Քանի որ Բաքուն սրում է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, ես վճռականորեն կոչ եմ անում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին սատարել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավելյալ սահմանափակումներին», - հայտարարում է կոնգրեսականը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առիթով նաեւ շնորհավորական նամակ են հղել չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

«Վերջին 19 տարիներին Արցախն ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ հուսալի գործընկեր է միջազգային հանրության համար», - ասված է նամակում: