Դմիտրի Մեդվեդեւը ժամանեց Բաքու

Հինգշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` տիկնոջ հետ:
Ռուսաստանի նախագահի այցելության պատվին Բաքվի «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի նախագահի ու նրա տիկնոջ անունից պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել:

Նույն օրը Ռուսաստանի նախագահը այցելել է Բաքվի «Շահիդների ծառուղի» ու իր հարգանքի տուրքը մատուցել Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին:

Ինչպես այցի նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, երկու երկրների նախագահները Բաքվում քննարկելու են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը։ 2009 թվականին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 1.7 միլիարդ դոլար։

Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ` այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, այդ թվում` ռուս - ադրբեջանական սահմանի մասին պայմանագիրը։ Պրիխոդկոն հավելել է, որ Ռուսաստանն առաջին երկրին է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրում։

Սա Մեդվեդեւի երկրորդ պաշտոնական այցն է Բաքու` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջին պաշտոնական այցը Բաքու կատարել է 2008 թվականի հուլիսին, երբ ստորագրվել է «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» ռուս - ադրբեջանական պայմանագիրը։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով Բաքվում եղել է 2009 թվականի հունիսին:

Ընթացիկ այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումները նախատեսված են այսօր։

Ռուսաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում` «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նախատեսվում է նաեւ, որ այցի ընթացքում կստորագրվի 2011-1012 թվականներին Ռուսաստանին ադրբեջանական բնական գազի մատակարարման ծավալների ավելացման մասին լրացուցիչ պայմանագիր։