Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում քննարկելու է Ղարաբաղի հարցն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները

Հինգշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան։
Ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն՝ երկու երկրների նախագահները Բաքվում քննարկելու են երկկողմ առեւվտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը։ 2009-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական սահմանի մասին պայմանագիրը։ Պրիխոդկոն հավելել է, որ Ռուսաստանն առաջին երկրին է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրում։

Սա Մեդվեդեւի երկրորդ այցն է Բաքու՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Վերջին անգամ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու էր այցելել 2008 թվականին, երբ ստորագրվել է «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» ռուս-ադրբեջանական պայմանագիրը։

Հինգշաբթի երեկոյան Մեդվեդեւը ծաղկեպսակ կդնի Հեյդար Ալիեւի գերեզմանին, կմասնակցի Իլհամ Ալիեւի անունից տրվելիք ճաշին։ Պաշտոնական հանդիպումները կկայանան հաջորդ օրը։ Մեդվեդեւը կայցելի նաեւ Բաքվի պետական համալսարան։

Ռուսաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նախատեսվում է նաեւ, որ այցի ընթացքում կստորագրվի 2011-1012 թվականներին Ռուսաստանին ադրբեջանական բնական գազի մատակարարման ծավալների ավելացման մասին լրացուցիչ պայմանագիր։

«Դժվար այց»


Ռուսաստանցի ու ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ, Դմիտրի Մեդվեդեւին դժվար այց է սպասվում, նախատեսված են լարված բանակցություններ Ղարաբաղի հարցով, ինչպես նաեւ ստորագրվելիք նոր փաստաթղթի շուրջ։

Սպասվում է, որ Բաքվում Մեդվեդեւը կանդրադառնա նաեւ երկու շաբաթ առաջ Երեւանում ստորագրված արձանագրությանը՝ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում բազայի գործառույթներն ընդլայնելու վերաբերյալ։

Ռասիմ Մուսաբեկով
«Մեդվեդեւի այցը Բաքու՝ կանխարգելիչ այց է, որի նպատակն է թույլ չտալ Ադրբեջանի եւ Արեւմուտքի մերձեցումը», - կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ - «Հնարավոր է, որ Մեդվեդեւը Բաքու է գալիս որոշ խոստումներով, կամ նույնիսկ որոշ խնդիրների լուծումների առաջարկով», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է քաղաքագետը։

Մոսկվացի քաղաքագետ, «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն Վարդան Տողանյանը սակայն, այլ կարծիքի է։

«Այցը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բավական բարձր մակարդակը պահպանելու համար։ Ես որեւէ անակնկալներ չեմ սպասում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Տողանյանը։