Հայ-ադրբեջանական հերթական բախման արդյունքում առնվազն 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ

Ադրբեջանական կողմը հաստատում է, որ նախօրեին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում տեղի ունեցած զինված առճակատման արդյունքում զոհվել է 2 ադրբեջանցի զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին հայկական կողմը կազմակերպել է դիվերսիոն հարձակում, որի արդյունքում զոհվել են 3 հայ եւ 2 ադրբեջանցի զինծառայող։ Ադրբեջանական կողմը նաեւ պնդում է, որ հայկական կողմից կան վիրավորներ։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական կողմի այդ հայտարարությունները, այսօր ասաց, թե դա Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվություն է։

Հասրաթյանի խոսքով, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայիններն են փորձել հարձակվել հայկական դիրքերի վրա, սակայն հայ դիրքապահներին հաջողվել է ետ մղել հակառակորդին։ Ըստ Հասրաթյանի՝ ադրբեջանական կողմից կան 7 վիրավորներ եւ զոհեր, իսկ հայկական կողմից զոհեր չկան, վիրավորվել է 1 շարքային զինծառայող՝ 1991 թվականին ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Վիրավորի վիճակը բավարար է:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հրապարակել է ադրբեջանական կողմի զոհվածներից 2-ի անունները` Վուգար Ամիրով եւ Փերվին Աբդուլաեւ: