ԵՊՀ-ի բնագիտական բաժիններում մի շարք թափուր տեղեր են մնացել

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Այս տարի Երեւանի պետական համալսարան ընդունվել է շուրջ 3000 դիմորդ: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` երիտասարդները նորից նախընտրել են բարձր վարկանիշ ունեցող մասնագիտություններ. իրավագիտության, տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում թափուր տեղեր չեն մնացել, իսկ մի շարք տեղեր չեն լրացվել բնագիտական ֆակուլտետներում:
Ռեկտորին զարմացրել է, որ 12 թափուր տեղ է մնացել ժուռնալիստիկայի ֆակուլտետում: - «Վճարովի տեղեր չեն լրացվել նաեւ կենսաբանության, երկրաբանության, ինչպես նաեւ ֆիզիկայի որոշ մասնագիտությունների գծով», - նշեց Սիմոնյանը:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը եւս չի հրապուրում երիտասարդներին` չնայած աշխատաշուկայում առկա պահանջարկին:

Համալսարանում դասավանդող դոցենտներն ու պրոֆեսորները ստանում են 140-160 հազար դրամ աշխատավարձ, ինչը շատ քիչ է բազմաթիվ երկրների համեմատ:

ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաեւ կադրերի երիտասարդացման խնդրին: Համալսարանի 1300 դասախոսներից երիտասարդ են ընդամենը 60-ը: Նա նշեց, որ եթե իրենից կախված լիներ, նրանց թիվը շատ ավելի մեծ կլիներ, սակայն մեր աշխատանքային օրենսգիրքը բավական լիբերալ է, ինչը որոշ դեպքերում խանգարում է: - «Այնտեղ հստակ գրված է, որ մինչեւ թոշակի տարիքը չի կարելի մարդուն հեռացնել աշխատանքից», - ասաց ռեկտորը:

Համալսարանն այս տարի չի բարձրացրել վարձավճարները: Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի եւս դրանք փոփոխության չեն ենթարկվի: