Մեղադրյալներից մեկը դատարանում պնդում է, որ Խալաֆյանը ինքնասպան չի եղել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դատարանի դահլիճում:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության, ուրբաթ օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում հայտարարեց, թե իրականում ինքնասպանություն տեղի չի ունեցել:

24-ամյա Վահան Խալաֆյանը, հիշեցնենք, մահացել է Չարենցավանի ոստիկանություն բաժնում ապրիլի 13-ին, ուր բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, եւ, ըստ մեղադրական եզրակացության, ինքնասպան է եղել:

«Ինքնասպանություն չի եղել: Ինքնասպանության գնացողը [իրեն դանակով հարվածելուց առաջ] շորը չէր բարձրացնի, երկու անգամ իրեն չէր խփի` մեկը երեք, մյուսը 12 սանտիմետր խորությամբ: Ոչ ոք դրան ուշադրություն չի ուզում դարձնի», - դատական նիստում ցուցմունք տալիս հայտարարեց Հարությունյանը:

Պնդելով, թե անհնար է, որ Վահան Խալաֆյանը ոստիկանների ներկայությամբ կարողանար դանակ փնտրել, գտնել ու ինքնասպան լինել` Հարությունյանը մեղադրող կողմի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ եթե տեղի ունեցածը ինքնասպանություն լիներ, ապա դանակի վրա պետք է անպայման մնային Վահանի մատնահետքերը:

«Դանակի վրա ոչ մի պիտանի մատնահետք չկա: Նաեւ այս հանգամանքը ահագին լույս կսփռեր այնտեղ կատարված իրականությունը բացահայտելու գործում», - ասաց նա:

Ամբաստանյալ Հարությունյանն այսօրվա իր ցուցմունքում նաեւ պնդեց, որ տեղի ունեցածը կատարվել է իր բացակայության ժամանակ: Ինքը աղմուկ է լսել այն սենյակից, որտեղ գտնվում էր Խալաֆյանը եւ գնացել է այնտեղ. - «Երբ մտա աշխատասենյակ, աթոռները խառնված էին, ընկած էր գետնին մի աթոռ: Սա վկայում է այն մասին, որ այդտեղ քաշքշուկ է եղել, այդտեղ պայքար է եղել»:

Հարությունյանի պնդմամբ, գործով անցնող մյուս ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը սուտ ցուցմունք է տվել իր դեմ: Հենց վերջինս է, հիշեցնենք, նախաքննության ընթացքում ցուցմունք տվել, թե Հարությունյանը ծեծի է ենթարկել Խալաֆյանին, ինչից հետո էլ Վահանը ինքնասպան է եղել: Մեղադրող կողմի հարցին, թե ինչու պիտի Մորիս Հայրապետյանը սուտ ցուցմունք տար, Աշոտ Հարությունյանը պատասխանեց. - «Ինքը դրանով կոծկել է այն հանգամանքը, որ ինքը իր գործողություններով մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Ես ասում եմ` անզգուշությամբ մահ է պատճառել ոստիկանը քաղաքացուն իր անփույթ գործողությունների հետեւանքով»:

Հարությունյանի համոզմամբ, իր դեմ ցուցմունք տալով Հայրապետյանը գործարքի է գնացել Հատուկ քննչական ծառայության հետ` իրականությունը թաքցնելու նպատակով. - «Ես նկատի ունեմ, որ` այս կարգի ցուցմունք ես տալիս, քեզ բաց ենք թողնում: Ու իրոք, մարդը այդ կարգի ցուցմունք է տալիս, իրեն բաց են թողնում»:

Աշոտ Հարությունյանի պնդեց, որ նույնպիսի գործարքի մեջ են մտել նաեւ իր դեմ ցուցմունք տված մյուս ոստիկանները: Նա հայտարարեց, թե Հատուկ քննչական ծառայությունը «ուղղակի ճնշում է գործադրել» ամբաստանյալներ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի վրա:

Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի նախկին պետը հայտարարեց, թե Հատուկ քննչական ծառայությունը փորձել է գործարքի մեջ մտնել նաեւ իր հետ` առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:

«Ես պարզ ասեմ` նման առաջարկ եղել է, որ` արի քո պետերի վրա դու էլ գրիր, տեսնենք ինչ ենք անում», - ասաց նա` շարունակելով. - «Եթե ես արած լինեի ինչ-որ մի բան, մեխանիկորեն ես կընդունեի, որպեսզի այս պատժից շուտ պրծնեմ... Բայց ես հիմա հայտարարում եմ, որ ես ոչ մի բան չեմ արել»:

«Ես ասել եմ ու էլի ասում եմ` պատվեր կա: Որովհետեւ սրանով դուք փորձում եք ոստիկանության հեղինակությունը փրկեք… Եկեք իրականությունը բացահայտեք: Դուք էլ եք սարսափում այդ գաղափարից, որ ոստիկանությունում ոստիկանի ձեռքով մարդ է մահանում», - հայտարարեց Աշոտ Հարությունյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին: