Այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը 8 պետական եւ մասնավոր բուհերում ուսումնասիրել է մանկավարժության մեթոդիկա եւ հայոց լեզու առարկաների դասախոսների մասնագիտական մակարդակը եւ արդյունքներից դժգոհ է:
Փորձարկումն իրականացվել է Երեւանի պետական, մանկավարժական, ինչպես նաեւ Գավառի պետական համալսարաններում, մասնավոր բուհերից` «Հայբուսակ»-ում, Հյուսիսային համալսարանում, «Գլաձոր»-ում եւ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նախ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել է որակի ապահովման չափանիշներ եւ չափորոշիչներ, ապա դրանք կիրառել է նշված բուհերում: Կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը պատմեց, որ իրենք կիրառել են «պլանավորում, իրականացում, գնահատում եւ բարելավում» բանաձեւը:
Վերոնշյալ հաստատությունների կրթության որակը ստուգելու համար ընտրվել են տարիների փորձ ունեցող տարբեր մասնագետներ: Թոփչյանի խոսքով`բուհերից շատերը նախապես չեն պլանավորում իրենց ուսումնական գործընթացը, վերլուծություններ չեն կատարում` պարզելու թերությունները, ինչպես նաեւ ինքնագնահատում չեն իրականացնում: