Պետդեպարտամենտ. «Ռազմակայանի հարցը Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների հարց է»

Միացյալ Նահանգները Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու համաձայնությունը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Մարկ Թոները:

«Միացյալ Նահանգները գործընկերային ամուր հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Մենք ըստ ամենայնի ակնկալում ենք, որ դա կշարունակվի», - ընդգծել է Թոները:

Ի պատասխան լրագրողի դիտարկման, թե Ադրբեջանը մտահոգված է պաշտպանական ոլորտում հայ - ռուսական նոր համաձայնությամբ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. - «Ռուսաստանը [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի անդամ կամ մաս է ու կառուցողական դեր է խաղում որպես այդպիսին»: