Գալուստ Սահակյան. «Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանի անվտանգության թիվ 1 խնդիրը Ղարաբաղն է»

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելիս Ռուսաստանը հաշվի է առվել այն հանգամանքը, որ Հայաստանի անվտանգության առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն է։

Ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը անցած շաբաթ ստորագրվեց Երեւանում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։

Արձանագրությամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողության ժամկետ սահմանվեց 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվեց նաեւ, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանությունից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը: