Ռազմակայանի առկայությունը «տնտեսական երաշխիքներ կտա ռուսաստանյան ներդրողներին»

Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու որոշումը, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, պայմանավորված է ռուսաստանյան ներդրողներին տնտեսական երաշխիքներ տալու անհրաժեշտությամբ:
«Սա Ռուսաստանի համար երաշխիք է այն տնտեսական փոխհարաբերությունների ծավալների, որոնք առաջիկայում իրողություն են դառնալու՝ կապված ե՛ւ ատոմակայանի, ե՛ւ Իրան-Հայաստան երկաթգծի ներդրումային քաղաքականության եւ այլն։ Այս ծրագրերը իրողություն են դառնում մոտավորապես 10 տարվա շրջանակներում եւ արդեն որպես բիզնես ծրագրեր իրագործվում են եւս 10-15 տարվա ժամանակաշրջանում: Հենց տնտեսական երաշխիքների հետ է կապված, կարծում եմ, նաեւ 49 տարի թիվը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին անցած շաբաթ ստորագրված արձանագրության վերաբերյալ քաղաքական մի շարք ընդդիմադիր գործիչներ մտահոգություններ են հայտնել։ Մասնավորապես, կարծիքներ են հնչել, թե Հայաստանի անվտանգության պաշտպանությունը ստանձնած ռուսական ռազմակայանը չի միջամտի Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական ուժերի մեջ հնարավոր ռազմական գործողություններին։

«Հայաստանի անվտանգության խնդիրների առաջին գործոնը կապված է Ղարաբաղի հետ։ Բնականաբար, սա հաշվի է առել ե՛ւ ռուսական կողմը, ե՛ւ հայկական կողմը», - «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով այս մտահոգությունները՝ հայտարարեց Գալուստ Սահակյանը եւ հավելեց. - «Քաղաքական առումով սա ճնշում էր տարածաշրջանի այն պետությունների համար, որոնք կոնֆլիկտների լուծումը տանում են դեպի պատերազմ»:

Սահակյանը, այդուհանդերձ, «մտահոգիչ» որակեց «երկրորդ երկրի ռազմակայանի տեղակայումը մեկ այլ երկրում»:

«Բայց դա մեր երկիրը հզորացնելու ճանապարհներից մեկն է», - ասաց նա` շարունակելով. - «Հարավային Կովկասի նկատմամբ ազդեցությունների որպես շրջանակ պայքար է գնում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բնականաբար, մեզ համար պիտի նախընտրելի լինի Ռուսաստանը եւ ոչ թե Թուրքիան: Արդեն տարիներ շարունակ Թուրքիան բարձրաձայնում էր իր նկրտումները Հարավային Կովկասի նկատմամբ… Եվ ահա Ռուսաստանը ավելի վճռական գտնվեց»:

Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության C-300 համակարգեր վաճառելու մասին տեղեկություններին վերաբերող հարցին` իշխող կուսակցության ղեկավար անդամը ասաց. - «Շատ նորմալ եմ ընդունում, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն արձանագրում, որ Հայաստանը կամ Ռուսաստանը այլ պետությունների հետ շահագրգիռ փոխադարձ պայմանավորվածություններ չեն կարող ձեռք բերել»:

«Մենք չգիտենք, թե այդ գործարքը տեղի է ունենում, ինչի համար, ինչ հանգամանքներում: Երբ տեղի կունենա, նաեւ ռուսական կողմից մեկնությունները կլինեն, եւ կլինեն նաեւ մեր գնահատականները», - հարկ համարեց հավելել Գալուստ Սահակյանը: