Ջրհեղեղների արդյունքում Պակիստանում 800 հազար մարդ հայտնվել է շրջափակման մեջ

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով մոտ 800 հազար մարդ մնացել է կտրված տրանսպորտային ճանապարհներից։

Երկրի հյուսիս-արեւմտյան լեռնային շրջանները փաստորեն մնացել են շրջափակման մեջ՝ տարերքը ավերել է ճանապարհները եւ սրբել-տարել կամուրջները։

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 40 ծանր տրանսպորտային ուղղաթիռ տրամադրել Պակիստանին՝ հումանիտար օգնությունը շրջափակված շրջաններ հասցնելու համար։

Նախօրեին Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին հայտարարել է, որ իշխանությունները «լրջորեն անհանգստացած են» համաճարակների՝ խոլերայի, աղեստամոքսային հիվանդությունների, դիզինտերիայի տարածման հնարավորությամբ։

Գիլանին ընդգծել է, որ Պակիստանն այժմ վերապրում է իր պատմության ընթացքում ամենածանր բնական աղետը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ջրհեղեղներից տուժել է ընդհանուր առմամբ 17 միլիոն մարդ, աղետից ավերվել է ավելի քան 1.2 միլիոն տուն։