Վեհափառը չի մասնակցել Կիրիլ պատրիարքի եւ Փաշազադեի հանդիպմանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը չի մասնակցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի երեքշաբթի օրվա հանդիպմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում, Կովկասի մահմեդականների առաջնորդը խնդրել է Համայն Ռուսիո պատրիարքին միջնորդել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին: Ավելի վաղ՝ մահմեդականների Ռամադան ամսվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարելով այս մասին, Փաշազադեն ասել էր, թե Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում, որին մասնակցելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Ես ամբողջությամբ հերքում եմ դա: Վեհափառ հայրապետն էջմիածնում է, նման եռակողմ հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ հունիսի 18-ին տեղի ունեցած մարտի հետեւանքով հայկական կողմից 4 զինվոր զոհվել, եւս 4-ը վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր` թողնելով Մուբարիզ Իբրահիմովի դին, որին իր երկրում հետմահու հերոսի կոչում է շնորհվել:

Հայկական կողմը բազմիցս է ընդգծել, որ Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել Իբրահիմովի դին ստանալու խնդրանքով:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Կովկասի մահմեդականների առաջնորդի հետ այսօրվա հանդիպման արդյունքում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը պատրաստակամություն է հայտնել նպաստել զոհված ադրբեջանցու դին վերադարձնելու գործին։

«Ես իմ կողմից կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց ինչպես հայտնի է մի կողմի միջամտությամբ այդ խնդիրը չի կարող լուծվել», - հայտարարել է պատրիարք Կիրիլը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է որոշ խորհրդակցություններ անցկացնել:

Հարցին, թե առաջիկայում արդյո՞ք նախատեսվում է եռակողմ հանդիպում կազմակերպել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդի մասնակցությամբ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը պատասխանել է, որ նման հանդիպում առայժմ չի ծրագրվում, բայց՝ «անհրաժեշտության դեպքում, կարծում եմ երեք հոգեւոր առաջնորդները հաճույքով կհանդիպեն՝ նպաստելու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»։

Պատրիարք Կիրիլն ու Ալլահշուքյուր Փաշազադեն նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումից են խոսել:

Փաշազադեն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շատ կարեւոր է ադրբեջանցի ժողովրդի եւ բոլոր մահմեդականների համար, եւ շնորհակալություն հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին` հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններին աջակցելու համար:

«Դուք նոր էջ եք բացում Ադրբեջանի պատմության մեջ եւ ադրբեջանցի մահմեդականների կյանքում, որովհետեւ Ձեր նախաձեռնությամբ ամիսներ առաջ Բաքու ժամանեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու այլ հայտնի հոգեւոր առաջնորդներ, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այդ ջանքերի համար», - Կիրիլ պատրիարքին ասել է Կովկասի մահմեդականների առաջնորդը: