Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճել է

Երեւանի համայնապատկեր

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի հուվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 230 հազար զբոսաշրջիկ: Անցյալ տարի այդ թիվը չի գերազանցել 207 հազարը: Մասնագետները, սակայն, բազմաթիվ խնդիրներ են տեսնում ոլորտում:
«Այս տարի չնչին աճ կա այդ տեսակետից… Մեր տուրերը հիմնականում կրկնվում են տարեցտարի, բայց ծառայությունների քանակությունը եւ որակը չի փոխվում», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կիսում է Տուրիզմի ինստիտուտի ռեկտորի տեսակետը. - «Այդ աճը այցելուների, որ տեսնում ենք տարեցտարի, լրիվ անբավարար է: Շատ ավելի արագ տեմպերով աճ պետք է ակնկալել»:

«Մենք նաեւ փորձում ենք կառավարության հետ, նախարարությունների հետ համագործակցել, որպեսզի Հայաստանի խթանման բյուջեն ավելանա, որովհետեւ իսկապես անվաբարար է այսօր` 50-100 միլիոն դրամի սահմաններում: Մենք, իհարկե, լրացուցիչ միջոցներով ավելացնում ենք այդ գումարը, նույն տուրօպերատորները իրենց հաշվին նաեւ մասնակցում են», - հավելեց Փափազյանը` նշելով, որ, այդուհանդերձ, այլ երկրների համեմատ, Հայաստանում ներգնա տուրիզմի խթանմանն ուղղված գումարները շատ քիչ են:

Թեեւ Հայաստանի հյուրանոցային միության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը փաստում է, որ երկրում հյուրանոցային բիզնեսի ոլորտում մենաշնորհ չկա, այդուհանդերձ, ակնհայտ է, որ գները բավական բարձր են:

Ռոբերտ Մինասյանի խոսքով, մինչդեռ, հյուրանոցային համարների գներն «օդից են գոյանում»: Տուրիզմը, նրա համոզմամբ, պետք է բերել հարկային դաշտ:

«Պարզապես, քանի որ մեզ մոտ ծառայությունները չեն մատուցվում այնպես, ինչպես հարկն է, չկան մարդիկ, որոնք խելացի լինեն, կրթված լինեն, մասնագետներ լինեն: Այս դեպքում գնագոյացումը այլ կերպ կլինի: Պետք չէ քնելու համար այդքան թանկ վերցնել, այլ պետք է ծառայությունների քանակությունը ավելացնել, նոր ծառայություններ բերել, եւ մարդիկ պատրաստ կլինեն այդ ծառայությունների համար վճարել», - ասաց Մինասյանը:

Բեկոր Փափազյանը երեւույթը հետեւյալ կերպ է մեկնաբանում. - «Հայաստանում բարձր գների հիմնական պատճառներից մեկը պահանջարկի պակասն է: Այսինքն, եթե արտասահմանցի վճարունակ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում կտրուկ աճի, այդ պարագայում ե'ւ հյուրանոցների թիվը կավելանա, ե'ւ մրցակցությունը ավելի բուռն կլինի, ե'ւ արդեն բիզնեսմեն հյուրանոցատերը կարող է իրեն թույլ տալ գնալ ավելի էժան քաղաքականության եւ աշխատել, ասենք, խոշոր քանակի, մասշտաբի վրա»:

Հարցին, թե ինչպես է վրացիներին հաջողվում մեծ աճ արձանագրել գոնե սեզոնային տուրիզմի բնագավառում եւ ինչու են Հայաստանի քաղաքացիներից շատերը գերադասում ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը պատասխանեց. - «Իրենց մոտ շատ մեծ ծավալ կա տուրիստների, հետեւաբար կարողանում են մրցունակ գներ առաջարկել: Այդ մրցունակ գները նաեւ Հայաստանի քաղաքացու համար մատչելի են, եւ ունեն մեծ թվով հայաստանցի տուրիստներ: Իսկ մենք Հայաստանում ուզում ենք միայն տեղական տուրիզմի վրա կառուցել այդ շուկան, եւ դա բավարար չէ: Այսինքն, բավարար չէ, որ միայն հայաստանցի, ներքին տուրիստների համար էժան պայմաններ սարքենք, որպեսզի այդ ինդուստրիան աշխատի: Պետք է անպայմանորեն հիմնվել ներգնա տուրիզմի վրա Եվրոպայից` Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ այլն, որի արդյունքում գները կէժանանան ու նաեւ քաղաքացու համար մատչելի կլինեն»: