ԱՄՆ. Իրանը ուրանի հարստացման կարիք չունի

«Բուշեհրում՝ Իրանի առաջին ատոմակայանի գործարկումը ցույց տվեց, որ այդ երկիրը ուրանի հարստացման կարիք չունի»,–հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Դարբի Հոլլադայը՝ հիշեցնելով, որ միջուկային ռեակտորը լիցքավորվել է ռուսական վառելիքով։

«Պաշտոնական Վաշինգտոնն ընդունում է, որ Բուշեհրի ատոմակայանը խաղաղ նպատակներ է հետապնդում»,–հայտարարել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանի միջուկային նկրտումների շուրջ՝ ԱՄՆ մտահոգությունները մնում են ուժի մեջ։

Մինչդեռ ԱՄՆ դաշնակից Իսրայելը սուր քննադատության է ենթարկել եւ «լիովին անընդունելի» որակել իրանական ատոմակայանի գործարկումը։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստացնել ճնշումները Թեհրանի նկատմամբ եւ ստիպել դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները»,–հայտարարել է Իսրայելի արտգործնախարարությունը։

Շուրջ 35 տարվա շինարարական աշխատանքներից հետո երեկ Բուշեհրում տեղի ունեցավ Իրանի առաջին միջուկային ռեակտորի գործարկումը, որին ներկա էին Իրանի, Ռուսաստանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաները։