Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ: 20-ը օգոստոսի, 2010 թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը Գյումրիում, ուր ժամանեցին ուղղաթիռով, ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:
Նախագահները ծաղկեպսակ դրեցին 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին, արծաթափայլ եղեւնի տնկեցին հուշահամալիրի տարածքում, այցելեցին այնտեղ գտնվող ռուսական մատուռ:

«Ես ուրախ եմ ողջունելու ձեզ այստեղ` «Պատվո բլուր» հուշահամալիրում, որը ռուս-թուրքական պատերազմի զոհերի հիշատակին է կառուցվել: Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` «Պատվո բլուրում», վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թվականին Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում», - իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հայաստանի նախագահը ասաց. - «Չկան այնպիսի երկու հարեւան ժողովուրդներ, որոնք չունենան պատմական հակասություններ, հակամարտություններ, տարաձայնություններ, որոնցից շատերն այսօր էլ լուծված չեն: Բայց այդ մարտահրավերի քաղաքակիրթ պատասխանը լիարժեք համագործակցությունն է` փոխշահավետ առեւտուրը եւ փոխըմբռնման ուղիների համատեղ որոնումը: Հենց այս տրամաբանությամբ էլ մենք առաջնորդվեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը նախաձեռնելիս: Բայց գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիայի ղեկավարությունը անհրաժեշտ քաղաքական կամք չդրսեւորեց: Մենք, ցավոք, ստիպված ենք սպասել պաշտոնական Անկարայի` իր միջազգային պարտավորությունները կատարելու իրական պատրաստակամությանը:»:

Ելույթով հանդես եկավ նաեւ Դմիտրի Մեդվեդեւը:

Գյումրիում տեղակայված ռազմակայանի վերաբերյալ այսօր ստորագրված արձանագրության կապակցությամբ Ռուսաստանի նախագահը ասաց. - «Մենք միասին ենք աշխատելու խաղաղության ու անվտանգության հաստատման համար` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով այն կառույցների հետ, որոնք ստեղծել ենք համատեղ: Մենք արդյունավետ կերպով կօգտագործենք այդ պոտենցիալը Կովկասում խաղաղության ու կայություն հաստատման համար», - ասաց Մեդվեդեւը` եզրափակելով. - «Սա պետք է մեզ բոլորիս. պետք է Հայաստանին, պետք է այլ երկրներին, պետք է Ռուսաստանին»: