Ոստիկանության կապիտանի դեմ կաշառառության փաստով գործ է հարուցվել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ:

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ Ս. Մխիթարյանի կողմից Կ. Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ. Դավթյանը: Նյութերով Ս. Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը Ս. Մխիթարյանից պահանջել եւ 2010 թվականի մայիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում նրանից անձամբ ստացել է կաշառք», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը», կատարվում է նախաքննություն: