Կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։

Ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործել շրջակա միջավայրի մաքրության եւ պահպանման միջոցները, փոփոխել հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց քսանօրյա ժամկետում բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձեւի եւ ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորեց ծրագիրը` ընդգծելով. - «Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երեւանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ»: Նա հավելեց, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։


Հովհաննես Շողիկյան