Բելառուսի նախագահը ժամանել է Երեւան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ոչ պաշտոնական այցով ժամանել է Երեւան։ «Ազատություն» ռադիոկայանին չի հաջողվել պարզել այն տեղեկության հավաստիությունը, որ Լուկաշենկոն Երեւան է ժամանել որդու ուղեկցությամբ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահը օգոստոսի 20-22–ը մասնակցելու է Հայաստանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բելառուսի նախագահը որոշել է չմասնակցել ՀԱՊԿ–ի գագաթնաժողովին։

Հատկանշական է, որ վաղը՝ օգոստոսի 19–ին պետական այցով Հայաստան է ժամանում նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Վերջին շրջանում Մեդվեդեւի եւ Լուկաշենկոյի հարաբերությունները բավական լարված են՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց Բելառուսի կողմից վճարումների ուշացման պատճառով։



Հովհաննես Շողիկյան