Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը անհարկի ձգձգո՞ւմ են

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից անցել է ավելի քան 3 տարի, սակայն դատական գործընթացը, «Ակոս»-ի աշխատանքը համակարգող եւ խմբագրության անվտանգությունը հսկող Գեւորգ Թյուսյուզյանի կարծիքով, անհարկի ձգձգվում է եւ տեղից չի շարժվում։
«Կայացած դատական 13 նիստերը գործի բացահայտման առումով շոշափելի արդյունք մինչ օրս չեն տվել»,- օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ակոսի» խմբագրությունում հայտարարեց Թյուսյուզյանը՝ հավելելով, թե Դինքի սպանության գործով դատավարությունը վերածվել է թատերական ներկայացման, այն անընդհատ հետաձգվում է:

Դատական վերջին նիստը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, նիստը հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր:

«Կառավարության հետ հարց ունեցող ամեն մարդու դատավարությունը այսպես է անցնում դժբախտաբար», - ասում է Գեւորգ Թյուսյուզյանը, - «Միայն Հրանտ Դինքի դեպքում չէ այսպես»։

«Ակոս»-ի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր թերթի խմբագրության առջեւ։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտեցին կատարված ոճրագործությունը:

Դինքի սպանության գործով անցնում է 20 կասկածյալ, այդ թվում` սպանությունը իրականացրած Օգյուն Սամաստը եւ նրա աջակիցները՝ Էրհան Թունչելը, Յասին Հայալը: Բացի Օգյուն Սամասթից, մյուս բոլոր կասկածյալները ազատության մեջ են: Իսկ Օգյուն Սամաստը, թեեւ ձերբակալված է, սակայն գտնվում է պետության հոգածության ներքո եւ անգամ գիրացել է, պատմում է «Ակոս»-ի աշխատակիցը:

«Ոճրագործը հայտնի է մեզ բոլորիս, բոլորը ճանաչում են նրան, բայց ո՞վ է կանգնած այդ ոճրագործի հետեւում, ո՞վ է իրական պատվիրատուն, դա պետք է բացահայտվի, որը չի արվում», - ասում է Գեւորգ Թյուսյուզյանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է մեղադրանքները


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որով հերքում է Թուրքական որոշ թերթերում օրերս հրապարակված այն մեղադրանքները, թե Թուրքիայի կառավարությունը փորձում է արդարացնել հանցագործին:

«Հրանտ Դինքի կորուստը խորը վիշտ է եղել մեր երկրի համար, եւ Թուրքիայի արդարադատությունը վճռականորեն հետազոտում է սպանության բոլոր հանգամանքները», - ասված է հայտարարությունում:

«Բացարձակապես անհարիր է պնդել, որ Թուրքիայի կառավարությունը փորձում է մեղմացուցիչ հանգամանքներ գտնել Դինքի սպանության պատասխանատուներին արդարացնելու համար», - կիրակի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն, - «Հրանտ Դինքը Թուրքիայի մտավորականության ամենափայլուն ներկայացուցիչներից էր: Անհնար է անգամ մտածել նման հրեշավոր սպանության արդարացման մասին»։