Մեհդի Քարուբի. «Պատժամիջոցները ամրապնդում են Ահմադինեջադի դիրքերը»

«Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները ոչ թե նպաստում են երկրի ժողովրդավարացման գործընթացին, այլ միմիայն ամրապնդում են Ահմադինեջադի դիրքերը», - Guardian պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել իրանական ընդդիմության առաջնորդներից մեկը` Մեհդի Քարուբին:

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, այդ պատժամիջոցները «իրանական իշխանությանը երկրի ներսում եղած անկայունության ողջ մեղքը ընդդիմության վրա բարդելով` նրան ճնշելու լավ առիթ են ընձեռել», ուստի «իսկական նվեր են Իրանի իշխանության համար»:

«Մի կողմից` իշխանության վարած տնտեսական անհաջող քաղաքականությունը դարձավ ռեցեսիայի պատճառ, մյուս կողմից` պատժամիջոցները, որոնք ամրապնդում են անօրինական կառավարության դիրքերը», - համոզված է Քարուբին:

Անցած տարի անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Մեհդի Քարուբին գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մրցակիցներից մեկն էր: Ընդդիմությունը մինչ օրս մեղադրում է գործող նախագահին` ընտրության արդյունքները կեղծելու համար: