Հայաստանում «խոզի գրիպի» բուժման համար գնված «Տամիֆլյու»-ի չօգտագործված դեղաչափեր են մնացել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը օրերս հայտարարեց, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։

Համաճարակին դիմագրավելու նպատակով Հայաստանը անցած տարի պետբյուջեի միջոցներով ձեռք էր բերել «Տամիֆլյու» տեսակի դեղամիջոցի մոտ 2000 դեղաչափ։ Ավելի ուշ, մոտ 18000 դեղաչափ Հայաստանին տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Դեղամիջոցի միայն քիչ մասն է օգտագործվել եւ հիմա բավական պաշար կա», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ H1N1 վիրուսով վարակման նոր դեպքեր այս տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը նույնպես կլինեն Հայաստանում, եւ դեղամիջոցի կարիքը դեռ կզգացվի։

Բացի այդ, մասնագետի խոսքով, «Տամիֆլյուն» համարվում է հակավիրուսային հրաշալի միջոց եւ անհրաժեշտության դեպքում այն կարող է օգտագործվել նաեւ այլ վիրուսային հիվանդությունների դեմ։