Թուրքիայի նախագահը Ադրբեջանում քննարկելու է Ղարաբաղի խնդիրը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում, արխիվային լուսանկար

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումը լինելու է օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչը։
«Դա տարածաշրջանային ընդհանուր խնդիր է, մասնավորապես նաեւ Թուրքիայի համար։ Բոլորը պետք է հասկանան եւ ընդունեն, որ Թուրքիան որպես իր ազգային խնդիր է դիտարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է դեսպանը։

«Չնայած Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանը առաջին հերթին պետք է հաշտվի Ադրբեջանի հետ եւ լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - նշել է նա։

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի մյուսի հետ», - ասել է Հուլուսի Քիլիչը` ավելացնելով. - «Թուրքիան առաջին հերթին ձգտում է տարածաշրջանային խաղաղություն հաստատել, այլ ոչ թե նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ»։

Նա հայտնել է Անկարայի հիասթափությունը խաղաղ գործընթացի ձգձգվելու կապակցությամբ` ասելով, թե արեւմտյան երկրները Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու փոխարեն պետք է ավելի մոտիկից զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։

«Հայաստանի հետ սահմանը բացելու` Թուրքիային ուղղված կոչերի փոխարեն, արեւմտյան երկրները, որոնք բարեկամաբար են տրամադրված Ադրբեջանի նկատմամբ, պետք է ցուցաբերեն իրենց անկեղծությունը տարածաշրջանում անարդարությանը վերջ տալու համար, վերադարձնելու ադրբեջանական օկուպացված տարածքները եւ կատարելու ՄԱԿ-ի չորս բանաձեւերը», - ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։

Նրա խոսքերով` եթե Թուրքիան 17 տարի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ապա դրա համար ծանրակշիռ հիմնավորում կա։

Դեսպանն ասել է, թե Թուրքիայի նախագահի Ադրբեջան կատարելիք այցելության ժամկետները դեռ որոշված չեն։

«Թրենդ»-ը հիշեցնում է, որ ըստ թուրքական որոշ լրատվամիջոցների՝ Աբդուլա Գյուլը Ադրբեջան է այցելելու այս ամսվա ընթացքում։