Բրայզայի նշանակումը հետաձգվեց

Երեքշաբթի օրը հայամետ սենատորները առկախել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի հաստատման հարցով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշանակված քվեարկությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, հարցի քննարկումը արգելափակելու նախաձեռնությամբ է հանդես եկել դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեսուն երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումը արժանացել է հանձնաժողովի անդամների լիակատար հավանությանը:

Ավելի վաղ` հուլիսի 22-ին հանձնաժողովում կայացած քննարկումից հետո, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոսս Ֆեյնգոլդը գրավոր հարցեր էին առաջադրել Մեթյու Բրայզային: Վերջինս, Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, խուսափողական եւ ոչ լիարժեք պատասխաններ էր տվել, ինչից հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը անձամբ նամակ էր հասցեագրել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին` հարցեր բարձրացնելով Բրայզայի նշանակման շուրջ եւ կոչ անելով ուշադրությամբ քննել նրա թեկնածությունը:

Համբարյան.
Բրայզան այն մարդը չէ, ով կարող է ճշտորեն ներկայացնել ամերիկյան արժեքները Բաքվում ...
Ամերիկացի օրենսդիրներին ու ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, մասնավորապես, մտահոգում են Բրայզայի կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ, նրա նախկին գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կնոջ` ազգությամբ թուրք լինելու հանգամանքը: Լոբբիստները պնդում են, թե Բրայզան չի կարող անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշում ունենալ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, նշեց. - «Բրայզան այն մարդը չէ, ով կարող է ճշտորեն ներկայացնել ամերիկյան արժեքները Բաքվում»:

Համբարյանը նաեւ ասաց, որ ապագայում եւս իրենք կշարունակեն աշխատել Սենատի հետ՝ նրանց ներկայացնելով իրենց մտահոգությունները, որոնք ամփոփված են շուրջ 9 էջ ծավալով փաստաթղթում։

«Մեթթն, իհարկե, լավ դիվանագետ է, բայց՝ ոչ Կովկասի համար», - ավելի վաղ հայտարարել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավարը՝ ամերիկյան հայտնի POLITICO բլոգի հետ զրույցում ու հավելել. - «Լավ կլիներ, որ ամերիկյան դիվանագիտությունը Կովկասում նոր սկիզբ ունենար նոր դեսպանով՝ ով շահերի լուրջ բախման հետ կապված խնդիրներ տարածաշրջանում չէր ունենա»:

Ռիչարդ Լուգար.
Մեթյու Բրայզան բարձրակարգ դիվանագետ է...
Հեղինակավոր Foreign Policy հանդեսի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ 1 ամսից` հանձնաժողովի սեպտեմբերին կայանալիք նիստում: Մի շարք վերլուծաբաններ, սակայն, կարծիք են հայտնում, թե քննարկումը կարող է է՛լ ավելի հետաձգվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշնանը ԱՄՆ-ում տեղի են ունենալու ընտրություններ Սենատի 100 տեղերից առնվազն 36-ի համար, եւ նախընտրական թեժ արշավում երկու քաղաքական ուժերն էլ փորձելու են շահել հայկական լոբբիի վստահությունը:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամներից մեկը՝ հանրապետական Ռիչարդ Լուգարը, հարցի առկախումից հետո լրագրողներին փոխանցել է, թե իրադարձությունների նման զարգացումը, անխոս, կարող է իր ազդեցությունն ունենալ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա: Հանրապետական պատգամավորը նաեւ կարծիք էր հայտնել, որ Մեթյու Բրայզան «բարձրակարգ դիվանագետ է»:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը թափուր է մնում արդեն ավելի քան 1 տարի։

Մի քանի տարի առաջ հայամետ սենատորները Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկու անգամ առկախել էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը` պնդելով, թե նախագահ Բուշի առաջադրած թեկնածուն` Ռիչարդ Հոգլանդը, մերժողական դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկումները շարունակվեցին մոտ 2 տարի. այդ ընթացքում նույն թեկնածությունը երկու անգամ առաջադրելուց եւ հաջողության չհասնելուց հետո, ի վերջո, Բուշի վարչակազմը հանձնաժողովին ներկայացրեց ներկայիս դեսպանի` Մարի Յովանովիչի թեկնածությունը: