Կարաչիում բռնությունների հետեւանքով 45 մարդ է զոհվել

Պակիստանի Կարաչի քաղաքում խորհրդարանական Ռազա Հայդերի սպանությանը հաջորդած բռնությունների հետեւանքով 45 մարդ է զոհվել, կան նաեւ բազմաթիվ վիրավորներ:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սինդհ նահանգի կառավարող կոալիցիայի մաս կազմող «Մութահիդա Քաումի շարժում» կուսակցությունից պատգամավոր Հայդերի վրա երկուշաբթի օրը կրակ են բացել մոտոցիկլետներով անձինք: Սպանությանը հաջորդել է խուճապը 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում, որտեղ անցած գիշեր կրակոցներ են հնչել, հրդեհվել են տասնյակ խանութներ եւ ավտոմեքենաներ:

Սինդհ նահանգի կառավարության խոսնակը այսօր հավաստիացրել է, որ ներկայումս կարգուկանոնը քաղաքում վերականգնված է, եւ իրավիճակը վերահսկվում է իրավապահների կողմից: