Գրետա Միրզոյան. «Իրավունք չունենք լռել»

«Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը:

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի համոզմամբ, բանակում վերջին երկու ողբերգական դեպքերից հետո այլեւս «իրավունք չունենք լռել»:

«Սա արդեն վերջին կաթիլն է համբերության բաժակում, եւ իրավունք չունենք լռել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Միրզոյանը` շարունակելով. - «Այդ դեպքերը պետք է մինչեւ վերջ ճիշտը պարզվի, եւ այդ ճշտության մասին պետք է անպայման տեղեկություն տրվի մեր հանրությանը: Եկեք բաց ասենք` ի՞նչ է պատճառը: Անուն տալով` ով է, ինչ եւ երբ է կատարվել այդ ամեն ինչը»:

Ողբերգական միջադեպերի պատճառը, ըստ նրա, այն է, որ «որոշ մարդիկ իրենց տեղերում չեն». - «Պառճառը դա է: Ես չեմ կարող այսօր անուններ տալ, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է: Սովորական մարդիկ այլեւս բանակում չպետք է լինեն… Նրանք պետք է իմանան, որ զինվորի կյանքը ամենակարեւորն է»:

Միջադեպերին շաբաթավերջին անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:.
«Իհարկե, ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել զոհվածների ծնողների եւ հարազատների ցավն ու կսկիծը» , - շաբաթ օրը «Զինուժ» հաղորդման ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նախարարը` հավաստիացնելով, որ ամեն ինչ անում են կատարվածի պատճառները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Սեյրան Օհանյանը կոչ է արել նաեւ չկորցնել սթափությունը եւ տուրք չտալ վարկաբեկիչ ասեկոսեներին. - «Եկեք չմոռանանք, որ սա մեր բանակն է, Արցախյան ազատամարտում հաղթած բանակը: Այն բանակը, որ այսօր ապահովում է մեր անվտանգությունը: Որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ես, անշուշտ, ամբողջապես տեղյակ եմ մեր բանակի խնդիրներին եւ ուզում եմ հավաստիացնել, որ Զինված ուժերի ղեկավարության կողմից ձեռնարկվել ու այսօր էլ ձեռնարկվում են վերոնշյալ միջադեպերը ծնող պայմանները արմատախիլ անելուն եւ մարդկային կորուստները բացառելուն միտված քայլեր»:

Գրետա Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հասարակական խորհրդի անդամները արդեն հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ, եւ նախարարը համաձայնել է միջադեպերի քննությանը ներգրավել նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, մինչդեռ, Պաշտպանության նախարարության վարքագիծը դեռեւս թափանցիկության մասին չի խոսում. նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն չեն ստանում, իսկ պատասխանատու մարմինները շատ ուշ են արձագանքում այն տեղեկատվությանը, որ արդեն կա: Սաքունցը նաեւ մտավախություն ունի, որ կրկին կոծկելու եւ իրավիճակը հարթելու փորձ կարվի:

«Ես մտահոգություն ունեմ, որ փորձ կարվի հերթական անգամ սվաղել, կոսմետիկ ինչ-որ քայլերով փորձ անել ցույց տալ, որ կատարվում են բովանդակային, լուրջ փոփոխություններին ուղղված քայլեր: Բայց իրավիճակը շատ մտահոգիչ է, որովհետեւ համակարգը չի ապահովում ամենից թանկ բանը` մարդու կյանքի անվտանգությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Նրա խոսքով, այս միջադեպերը բարձրաստիճան զինվորականության եւ բիզնեսի սերտաճման, զինված ուժերում տիրող կոռուպցիոն երեւույթների, ինչպես նաեւ տիրող անպատժելիության մթնոլորտի հետեւանքն է:

Արթուր Սաքունցի համոզմամբ, իրավիճակի պատասխանատուն պաշտպանության նախարարն է. այս «կոլապսային իրավիճակում, եթե կիսատ-պռատ քայլեր ձեռնարկվեն, դրանք ոչ մի օգուտ չեն տա»:

«Եթե պաշտպանության նախարարի գործողություններով արդյունք չստացվեց, ապա այդ դեպքում պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա: Բայց միանշանակ է, որ անձերի փոփոխությունը տվյալ դեպքում որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ համակարգային է խնդիրը», - եզրափակեց նա:

Your browser doesn’t support HTML5

Պահանջում են պարզել իրականությունը