ԱՄՆ-ը ռադարի հարցով բանակցում է Թուրքիայի եւ Բուլղարիայի հետ

Եվրոպայում հակաօդային պաշտպանության ամերիկյան նոր համակարգի տեղակայման հարցում նոր շրջադարձ է. «Վաշինգտոն Փոսթ» պարբերականի փոխանցմամբ, այս պահին Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում միաժամանակ ե'ւ Թուրքիայի, ե'ւ Բուլղարիայի հետ։

Տեղակայվելիք ռադարներից ազդանշանը փոխանցվելու է ռազմանավերին, որոնք մշտապես գտնվելու են Սեւ եւ Միջերկրական ծովերի ավազաններում։ Նավերի վրա տեղադրված կլինեն «Աեգիս» տեսակի զենիթահրթիռային համակարգեր, որոնք եւ պետք է հարկ եղած դեպքում ոչնչացնեն «թշնամաբար տրամադրված երկրների տարածքներից» արձակված հրթիռները։

Ըստ վերլուծաբանների, այդ երկրների թվում հիշատակվում է նաեւ Հյուսիսային Կորեան, սակայն նախ եւ առաջ վտանգավոր է համարվում Իրանը։

Ռադարը, որը կտեղակայվի կամ Թուրքիայում կամ Բուլղարիայում, ի զորու է մոտ 4 հազար 700 կիլոմետր տարածության վրա նկատել բեյսբոլի գնդակի մեծությամբ որեւէ օբյեկտ եւ հետեւել դրա տեղաշարժին։ Այսօրինակ մեկական ռադար ԱՄՆ-ը արդեն տեղակայել է Ճապոնիայում եւ Իսրայելում։

«Վաշինգթոն Փոստի» փոխանցմամբ, եթե ծրագիրը համաձայնեցվի, ապա արդեն հաջորդ տարվանից ամերիկյան հակահրթիռային վահանը պաշտպանության տակ կառնի Հարավային Եվրոպայի տարածքը։