Պատրիարք Կիրիլը անձրեւ է խնդրում Աստծուց

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ռուսաստանցիներին հորդորել է աղոթել եւ Աստծուց խնդրել անձրեւ, որը կօգնի Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ շրջաններում մոլեգնող հրդեհների դեմ ծանր պայքարում։

Ռուսաստանի եվրոպական շրջաններում զոհվել է առնվազն 30 մարդ։ Մասնագետների փոխանցմամբ, համատարած հրդեհները բռնկվել են Ռուսաստանում անցած հարյուր տարվա ընթացքում գրանցված ամենածանր երաշտի արդյունքում։

Ըստ ռուսական մամուլի, պատրիարք Կիրիլը մարդկանց հորդորել է «միավորվել եւ աղոթել, որ երկինքն անձրեւ պարգեւի երկրին, որովհետեւ մարդիկ են զոհվում, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց կացարանները, հազարավորները, այդ թվում երեխաներ, զրկվել են ապրուստի միջոցներից»։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, այսօրվա դրությամբ գրանցվել է 774 հրդեհ, որոնց ընդհանուր տարածքը ավելի քան 120 հազար հեկտար է։