Հուլիսի 28-ի մամուլ

Lragir.am-ը մեկնաբանում է. - « Երեւի թե շատ գրվեց ու խոսվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթի մասին, բայց ինչ կարող ես անել, եթե Հայաստանի քաղաքական իրականության մեջ չկան, գրեթե չեն լինում այլ ելույթներ, որոնք տալիս են քննարկումների եւ բանավեճի առիթ: Կան մարդիկ, որոնք ասում են նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ բոլոր մոտեցումները ներկայացրել է դեռեւս 13 տարի առաջ եւ այժմ նոր որեւէ բան չի ասել, որ տեղիք տար մեծ աժիոտաժի: Իսկապես, նոր բան չի ասել: Բայց, 13 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակավ ներկայացրած մոտեցումները Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում այդպես էլ չդարձան լուրջ քննարկման, բանավեճերի առարկա: Այդ մոտեցումները դարձան ներիշխանական հեղաշրջման առարկա, առիթ, պատճառ, պատրվակ կամ ինչ որ կուզեք, բայց հասարակական-քաղաքական լուրջ քննարկում դրանց վերաբերյալ կարծես թե այդպես էլ չծավալվեց: Խնդիրները ընդամենը սկսեցին դիտվել դավաճանի եւ հերոսի համատեքստում` Տեր-Պետրոսյանն ու նրա մոտեցման կողմնակիցները դավաճաններ են, պարտվողներ են եւ հանձնողներ են, իսկ հակառակ տեսակետի մարդիկ հերոսներ են, հայրենիքի եւ ազգի նվիրյալներ, հաղթողներ: Արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ է, ինչ մեծ հաշվով հենց այս ծայրահեղություններում է տեղավորվել Ղարաբաղի հարցի հասարակական-քաղաքական ընկալումը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ասում է. - «ՀՀՇ համագումարում երկու կարեւոր հարց լուծվեց: Առաջին` հստակ դարձավ, որ ՀՀՇ-ն դուրս չի գալու Կոնգրեսից: Դա կարեւոր էր այնքանով, որքանով Կոնգրեսի ընտրազանգվածը որոշակի կառուցվածք ունի: Դրանում ընդգրկված են ե'ւ արեւմտամետներ կամ ազատականներ, ե'ւ անձնային կողմնորոշմամբ քվեարկողներ` լեւոնականներ, ե'ւ ուղղակի հակասերժականներ: Եթե համագումարի ընթացքը այնպիսին լիներ, որ ՀՀՇ-ն դուրս գար Կոնգրեսից, հակասերժականների աչքում նա` որպես կառույց, թուլանալու էր, եւ Հայ ազգային կոնգրեսը որոշակիորեն կորցնելու էր իր ընտրազանգվածը: Երկրորդ` կարեւոր էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այդ ելույթը, մասնավորապես` Անդրկովկասում առկա իրավիճակի վերաբերյալ, լեւոնականներին մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրենք ճիշտ առաջնորդ են ընտրել` ամենախելացիին, իրականությունը ադեկվատ պատկերացնող եւ գնահատող անհատին, եւ իրենք ճիշտ են վարվում, երբ գնում են Տեր-Պետրոսյանի ետեւից: Այս ամենը ավելի շուտ ուժեղացրեց Կոնգրեսին եւ նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանին»:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացրել է Ահարոն Ադիբեկյանի հերթական կանխագուշակումը նոր քաղաքական սեզոնի վերաբերյալ: Ադիբեկյանը ասում է. - «Եթե ենթադրենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեների 60 տոկոսը ստանալու է Հանրապետականը, ապա ստացվում է, որ մնացած 40 տոկոսի համար ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը անզիջում պայքար են ծավալելու: Ընտրական կարկանդակը բաժանելը շատ դժվար է լինելու: Եթե ՀԱԿ-ը կարողանա անգամ նվազագույն չափով իրագործել իր անսահման հավակնություններն ու ստանա քվեների 7տոկոսը, ու նույն նվազագույն արդյունքը ունենան ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ապա ստացվում է, որ ԲՀԿ-ն ընդամենը մի փոքր ավելի քվեներ է ստանալու: Հասկանալի է, որ իրականում բոլորովին այլ պատկեր է լինելու, քանի որ կուսակցություններից շատերի հավակնությունները հնարավորություններին չեն համապատասխանում»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը ասում է. - «Նույնիսկ Եվրախորհրդի համբերատարությունն ու մեր երկրի վիճակի վրա աչք փակելու պատրաստակամությունը սահման ունի: Դա է պատճառը, որ համազեկուցողները մարտից մի փոքր ավելի ակտիվացան, ինչի վկայությունն էր հենց մարտին նրանց կատարած հայտարարությունը եւ հատկապես նրանց հակազդեցությունը Նիկոյանի այդ տխրահռչակ զեկույցին, որ նրանք գնահատեցին անբավարար: Նրանք մերժեցին ընդունել Մարտի 1-ի էջը փակված լինելու պնդումը եւ, ըստ նրանց հայտարարությունների եւ հավաստիացումների, Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը եւ անաչառ հետաքննությունը մնում է օրակարգում»:

«Կապիտալ»-ը, հղում անելով Կոմերսանտ Ուկրաինա» թերթին, գրում է. - « Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մարմնին` Հայաստանի հետ խորհրդատվություն անցկացնելու խնդրանքով: Ուկրաինայի քայլը հարկադրված է, քանի որ Հայաստանի հետ ոչ ֆորմալ խորհրդակցությունների ընթացքում Հայաստանը չի վերացրել ծխախոտի եւ ոգելից խմիչքների խտրական ակցիզային հարկի դրույքաչափերը։ Խնդրի կարգավորումը կարող է տեւել մինչեւ 2 տարի, բայց դրա ձգձգման դեպքում Ուկրաինան կարող է Հայաստանից պահանջել ոչ միայն վերացնել խտրական հարկադրույքը, այլեւ վճարել գումարային կոմպենսացիան»։ Թերթը հիշեցնում է, որ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը այս տարվա մայիսին հայտնաբերել է նաեւ, որ Հայաստանն ու Մոնղոլիան խտրական վերաբերմունք են դրսեւորում ուկրաինական ծխախոտի արտադրանքի նկատմամբ: