Ջրահեղձման դեպքերն ավելացել են

Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:

Այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում գրանցվել է ջրահեղձման 15 դեպք, որոնցից 6-ը` Սեւանա լճում, 9-ը` Հայաստանի մյուս մարզերում:
Արտակարգ իրավիճակների նախարարության Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը, ով լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց այդ տվյալները, հավելեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է ջրահեղձման 9 դեպք` 5-ը Սեւանում, 4-ը` մարզերում:

Մկրտչյանի փոխանցմամբ, ջրահեղձ եղածների մեծ մասի տարիքը չի գերազանցում 30-ը: Շոգ եղանակը, ոչ սթափ վիճակում ջուրը մտնելն ու լողալ չիմանալն են դարձել ջրահեղձման հիմնական պատճառ: Պատահարները առավելապես տեղի են ունեցել երեկոյան ժամերին:

Սեւանի ավազանում այս պահին գործում է ջրափրկարարական 19 կետ, աշխատակիցների թիվը 37-ն է, ինչը հատուկ ջոկատի հրամանատարը շատ քիչ է համարում։

««Աշխատողների քանակը, իհարկե, պետք է ավելացնել, բայց առաջին հերթին մարդիկ պետք է մտածեն իրենց անվտանգության մասին:Ես կխնդրեի եւ կպահանջեի լողանալ միայն մեր կողմից հսկվող տարածքներում», - ասաց նա:

2006 թվականին ծառայությունը վերազինվել է փրկարարական հանդերձանքներով, նավակներով, ջրային տեխնիկայով ու կապի միջոցներով: Միայն այս տարի ջրափրկարարներին հաջողվել է փրկել 16 մարդու կյանք:

Ինչ վերաբերում է մասնավոր լողատարածքներում փրկարարական ծառայություն ապահովելուն, ապա մինչեւ 2005 թվականը գործել են փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցել պայմանագրային կարգով: Բայց կառավարության որոշմամբ դրանք լուծարվել են: Այժմ գործող կարգի համաձայն`ափամերձ տարածք վարձակալած յուրաքանչյուր անհատ պարտավոր է ունենալ առնվազն երկու ջրափրկարար: Սակայն, Մկրտչյանի խոսքով, այս պահի դրությամբ, որեւէ մեկը այդ կարգը չի պահպանում, եւ դարձյալ իրենք են փրկարարական շրջիկ ծառայություն իրականացնում տեղում:

Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ օգոստոս ամսին Ջրափրկարարական հատուկ ջոկատը աշխատելու է «Ոչ մի զոհ ջրին» նշանաբանով: